Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մտորումներ «Արի երազենք» բեմադրության շուրջ. Անուշ Ասլիբեկյան

Մտորումներ «Արի երազենք» բեմադրության շուրջ. Անուշ Ասլիբեկյան
15.10.2016 | 00:13

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը բավական խոստումնալից է ո՛չ միայն սպասվող պիեսների ժանրային բազմազանության առումով, այլև հրավիրված տարբեր բեմադրիչների առկայությամբ, ովքեր նոր գեղագիտություն և նոր ձեռագրեր կբերեն թատրոն: Առաջին իսկ պրեմիերան, այս ամենից զատ, հայ հանդիսատեսին ծանոթացրեց նաև նոր հեղինակի հետ: 19-րդ դարավերջին ծնված և մինչև 20-րդ դարի կեսերը ստեղծագործած ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, բեմադրիչ, պրոդյուսեր Սաշա Գիթրին Ֆրանսիայում ամենահաճախ բեմադրվող հեղինակներից է եղել թե՛ իր կենդանության օրոք, թե՛ մահից հետո: Նա հանդիսատեսին հայտնի է նաև կինոյից: Հարյուրից ավելի պիեսների հեղինակ է Գիթրին, հաճախ հանդես է եկել իր պիեսների գլխավոր դերերում՝ իր բեմական «եսակենտրոնությամբ» արդարացիորեն վաստակելով Мonsieur Moi մականունը:

Եվ չնայած (հատկապես կատակերգության ժանրում) նրա բավական մեծ համբավին, հեղինակը հայ թատրոնում չի ներկայացվել: Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հրավերով ֆրանսահայ անվանի բեմադրիչ և դերասան Ժիրայր Փափազյանն այս օրերին դարձյալ Երևանում է և հանդիսատեսի դատին հանձնեց Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսի իր մեկնաբանությունը: Բեմադրիչը նկատում է, որ այս տարի լրանում է պիեսի հարյուրամյակը: Իր ժամանակին պիեսը պատերազմական ճգնաժամի օրերին հանդիսատեսին ցրելու, զվարճացնելու նպատակ է ունեցել: Իսկ ի՞նչ նոր խոսք կարող է ասել այսօր հարյուրամյա ծերուկը հայ հանդիսատեսին: Բեմադրիչը կանխավ բացահայտում է, որ նոր խոսքը և ֆրանսիական պիեսի կամուրջը հայ իրականության հետ գուցե դառնա պիեսի չորրորդ՝ վերջին մասը, որը սովորաբար կրճատվել է ֆրանսիական բեմադրություններում: Խոսքը կնոջ ընտրելու հնարավորությանն է վերաբերում (այս մասին կխոսենք ավելի ուշ) և այդ վերջաբանը պետք է կրի պիեսի գաղափարական ծանրությունը, եթե այդպիսին առհասարակ կարող է ունենալ ֆրանսիական բուլվարային ժանրի կատակերգությունը:
Գալով ներկայացման ժանրին՝ Համազգային թատրոնի խաղացանկում, մեր դիտողականությամբ, կոմեդիաների պակաս չկա, և անվերջ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ դարձյալ կատակերգություն: Խոստովանենք, որ կատակերգության ժանրը բավական էժանացել և արժեզրկվել է հայ թատրոնում՝ ո՛չ միայն դասական կատակերգակների մերօրյա բեմադրիչների անճաշակ մեկնաբանություններով, այլև ժամանակակից հայ դրամատուրգների՝ հիմնականում բավական ցածրաճաշակ ու գռեհիկ պիեսների «ջանքերով»:

Այդ է պատճառը, որ երկմտելով ենք թատրոն գնում, երբ այս ժանրի հետ գործ ունենք, քանի որ մեզ՝ հայերիս, հազվադեպ է հաջողվում բեմում նրբաճաշակ ու սրամիտ կատակել: Սակայն երբ կատակերգությունը ֆրանսիական է, իսկ բեմադրիչն էլ՝ ֆրանսահայ, սպասումները այլ են՝ ուզում ես հայ թատրոնում ժանրի լավագույն մեկնաբանության ականատեսը լինել: Ժիրայր Փափազյանի բեմադրությունը բարքերի կատակերգության և իրավիճակների կատակերգության մեջտեղում հյուսված, երբեմն՝ մելոդրամատիկ երանգներով մի ներկայացում է, որտեղ առաջին հայացքից ակնառու են նուրբ հումոր և հստակ արտահայտված գեղագիտական ճաշակ: Բեմանկարչությունը նույնպես այս առումով պակաս դերակատարում չունի (հագուստները և սցենոգրաֆիան՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի), այն դասական կատակերգական բեմադրություններին հատուկ ռեալիստական դեկորացիայի, ժամանակաշրջանի ամենայն ճշգրտությամբ և մանրամասների վերականգնումով, տեղ-տեղ որոշակի սիմվոլիկ լուծումներով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միասնություն է: ՈՒ թեև մեծ գովեստի է արժանի նման մանրակրկիտ աշխատանքը՝ հատկապես ռետրո ոճի փայլուն կատարման առումով, այնուամենայնիվ, չկա ոճական ամբողջականություն: Երազային մթնոլորտ առաջացնելու նպատակով տեսարանների արանքում հայտնվող ցոլարձակի միջոցով երևակվող պատկերները որքան էլ ժամանակակիցը որոնող հանդիսատեսի աչքը շոյեն, հակասության մեջ են մտնում ռետրո ռեալիստական իրերի և դասական մեկնաբանությամբ ներկայացման հետ: Այս դիտարկումից դուրս է հագուստների մեկնաբանությունը, ժամանակաշրջանի ոճը պահպանված է սկզբից մինչև վերջ՝ մեծ ճաշակով ու հավաստիությամբ:


Բեմում դասական սիրային եռանկյուն ներկայացնող ամենատիպիկ պիես է: Ընտանիքի ընկերոջ հրավերով ամուսինները ճիշտ ժամանակին նրա տան նախասրահում են, սակայն տանտերը չկա: Մինչ տանտերը կհայտնվի՝ նոր թեմա ու իրավիճակներ բացահայտելով բեմում, մեր աչքի առջև ծավալվում են ամուսինների բավական երկիմաստ հարաբերություններ: Նախ` նկատենք, որ զույգի զրույցից բավական ժամանակ անց ենք հասկանում հանկարծ, որ այս երկուսը ամուսիններ են: Զրուցում են ինչպես ընկերներ, չկա այն ներքին ջերմությունը հարաբերություններում, որ կհուշի նրանց՝ մեկ տանիք կիսելու փաստը: Այս է պատճառը, որ բոլորովին էլ անսպասելի չէ, որ իբրև թե հարավամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման շտապող ամուսնու սպասվող դավաճանությունն ընթեռնելի է: Առավել ևս սպասելի է, որ այդ մասին գուշակող կինը քիչ անց հեշտորեն նետվելու է ամուսնու ընկերոջ գիրկը: Կնոջ դերակատարուհին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը, ներկայացնում է ավելի հասուն, խորամիտ կնոջ, որի խաղի արտաքին թեթևամտությունների տակ խելացի մի կին է թաքնված: Շուրթերի անկյունում ծվարած կեսժպիտ խորհրդավոր մի արտահայտություն շարունակ հուշում է հանդիսատեսին, որ սա խաբված կին չէ. նա ամեն ինչ հասկանում է, սակայն կնոջը հատուկ իմաստնությամբ խաղում է միամիտի դեր՝ դեռևս անհասկանալի պատճառով: Դերասանուհին չի ծանրացնում կերպարի մեկնաբանությունը, ավելի շուտ՝ այս կատակերգական, թեթևամիտ կնոջ դերը նա բարձրացնում է ընդհուպ մինչև հոգեբանական խտացումների: Դերասանուհին նաև փորձում է փոխել գուցեև թեթևաբարո ֆրանսուհու կերպարի մենթալիտետը՝ նրա դավաճանության քայլին դիմելու հենակետ մատնանշելով իրական սիրո մոտիվը: Արդյոք չի՞ ստացվում վախ առ հանդիսատեսը, որը կարող է անբարոյականություն որակել տեղի ունեցածը: Սակայն արդյո՞ք տեղին է այդ մտավախությունը, չի՞ նշանակում շեղում ժանրից: Ի վերջո, գործ ունենք ֆրանսիական բարքերի կոմեդիայի հետ:


Ամուսնու դերակատար Արման Նավասարդյանը խիստ կերպարային է. հարուստ դիմախաղի, կոմիկական դետալների ու իրավիճակային խաղարկումների միջոցով ստեղծում է համոզիչ կատակերգական կերպար՝ հաճախ զվարճացնելով հանդիսատեսին: Անկասկած, ներկայացման հաջողության գրավականներից առաջինը լավ ընտրված դերասանակազմն է: Նկատելի է նաև բեմադրիչի հարմոնիկ աշխատանքը դերասանների հետ. Փափազյանը ստեղծագործելու, սեփական մեկնաբանությունը բերելու հնարավորություն է տալիս դերասաններին, ոչ թե մեխանիկորեն կրկնելու տեքստը: Ի դեպ, տեքստի վերաբերյալ. այս դրամատուրգը չափազանց շատախոս է: Յուրացնելով տասնյակ էջերով ֆրանսիական շատախոսություն՝ տիտանական աշխատանք են կատարել դերասանները և հատկապես գլխավոր հերոսի՝ նախկին փաստաբան, կնամոլ ընկերոջ դերակատար Մխիթար Ավետիսյանը: Նրա տեսարաններից մեկը մի ամբողջական մենախոսություն է, որն առանձին կարող էր իսկապես լավ մոնոներկայացում լինել: Դերասանը գերազանցում է ինքն իրեն՝ գրեթե անհավանական ծավալի տեքստերն արտաբերելիս կարողանալով գտնել դրանց ներքին արդարացումը, և նա դա անում է սկզբից մինչև վերջ՝ համաչափ ուժգնությամբ՝ հարազատ մնալով ի սկզբանե որդեգրած համակրելի, էլեգանտ, կնամոլ և միաժամանակ ծիծաղելիորեն իրատես ու անպատրանք, տղամարդկային պարզունակությամբ օժտված կերպարի իր մեկնաբանությանը: Սակայն, երբ տեքստն այսքան շատ է, այլևս խոսքն ընկալելու անընդունակ է դառնում հանդիսատեսը. ձանձրույթը գլուխ է բարձրացնում ներկայացման կեսերից: Բեմական ամենաքիչ փորձառությունն ունի նախկին փաստաբանի սպասավորի դերակատար Նարեկ Բաղդասարյանը, սակայն այս երիտասարդ ու օժտված դերասանն իր մի քանի դերակատարումներով արդեն աչքի է ընկել Համազգայինի բեմում՝ կերպարային է, չափի զգացում ունի, բեմ է բերում ներքին բարձր կուլտուրա: Այս գրեթե անխոս դերում նույնպես նա կարողանում է ամբողջական կերպար ստեղծել:


Նկատենք, այս դերասանները մեկ անգամ չէ, որ հիացրել են հանդիսատեսին իրենց բազմաշնորհ դերակատարումներով ամենատարբեր ժանրերում: Այս անգամն էլ բացառություն չէ. նրանք ո՛չ ավելի լավն են և ո՛չ էլ ավելի պակաս են, քան էին: Խնդիրն այն է, որ նման պիեսը չի կարող այս դերասաններին մեկ այլ՝ նոր կողմից բացահայտելու հնարավորություն տալ, այնինչ հանդիսատեսն ամեն անգամ թատրոն գալով՝ ուզում է անսպասելի, նոր որակներ հայտնաբերել սիրված դերասանների խաղում:
Ինչևէ, անդրադառնանք վերը նշված վերջին տեսարանին, որը վերականգնել է բեմադրիչը: Ամուսնուն հեշտությամբ դավաճանած կինը արդեն երկու օր սիրեկանի տանն անցկացնելուց հետո, ասել է թե՝ երազների գրկում սավառնելուց հետո, առավոտյան տանը մենակ է ու սթափ (սիրեկանը գնացել է գնումների): Տվայտանքների միջով անցնելով (այստեղ մելոդրամատիկ նոտաներն են անհարկի գլուխ բարձրացնում) և սիրեկանին նամակ գրելով՝ նա հանկարծ հասկանում է, որ ի՛նքը պետք է որոշի՝ գնա՞լ, թե՞ մնալ: Խաղում ընդգծվում է՝ ո՛չ թե տղամարդը, այլ կինը պետք է որոշում կայացնի: Այս շեշտադրումով բեմադրիչը փորձում է, հավանաբար, արդիական եզրեր գտնել հայ իրականության հետ: Սակայն արդյո՞ք հայ կինն այդքան իրավազուրկ է: Նախորդ դարասկզբին կնոջ այս մենախոսությունը գուցե բավական ժամանակակից և առաջադեմ դիտվեր: Սակայն այս թեման այնքան հնաբույր է այսօր, որքան հնացած կընկալվեր Իբսենի «Նորա»-ի վերջաբանը, որն իր ժամանակին ռեֆորմ էր՝ կնոջ իրավունքների տեսակետից: Ճիշտ է հայ բեմը շատ կետերով հետ է համաշխարհային թատերական նորագույն գործընթացներից, սակայն ոչ այսքան: ՈՒ թեև պրեմիերան ինքնին կայացած կարելի է համարել տեսակի մեջ, սակայն իր ոճով և բարձրացրած հարցադրումով ուշացած է առնվազն մեկ դարով: Ինչևէ, մենք մեծ հույսեր ունենք, որ անվանի բեմադրիչը հաջորդ այցերին հայ բեմը կհամալրի ավելի գաղափարական և նորագույն եվրոպական պիեսներով, որոնց կարիքն իսկապես զգացվում է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3498

Մեկնաբանություններ